Ալի Բաբաջանը հրաժարվել է իշխող ԱԶԿ անդամությունից. նա Գյուլի հետ նոր կուսակցություն կհիմնի
Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Demokrathaber»-ը, Բաբաջանը կուսակցությունից հեռանալու որոշումը ներկայացրել է գրավոր հայտարարությամբ, որտեղ նշված է նաև, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:
«Թուրքիայի ապագայի համար նոր քայլեր ձեռնարկելն անխուսափելի անհրաժեշտություն է դարձել: Ես և իմ ընկերները այդ առումով մեզ պարտավորված ենք զգում: Կարևոր է, որ մեր աշխատանքները անկախ և ազատ կերպով իրականացնենք: Ուստի, հարկավոր է, որ ես հրաժարվեմ ԱԶԿ-ին անդամակցելուց: Այսօր հրաժարականիս դիմումը կուսակցության կենտրոնական գրասենյակին ներկայացրի»,- նշել է նա:
Վերջում Բաբաջանը հայտնել է, որ իրենց հիմնական նպատակը երկրի պատիվը բարձր պահելն ու ժողովրդի բարօրությունն է:
Ալի Բաբաջանը համարվում է 2001թ. հիմնադրված «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից մեկը: