
Թուրքիան ռազմական հեղաշրջման տարելիցին ընդառաջ 7 լեզվով հոլովակ է հրապարակելու

Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման երրորդ տարելիցի կապակցությամբ հեղաշրջման մասին պատմող հոլովակ է պատրաստվում հրապարակել, որը լինելու է 7 լեզվով:
Հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայում հուլիսի 15-ը սկսեց նշվել որպես Ժողովրդավարության և ազգային միասնականության օր:
Ինչպես հաղորդում է Միլիեթ»-ը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է, որ հուլիսի 15-ին Ժողովրդավարության և ազգային միասնականության օրվա առթիվ նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը 7 լեզվով հոլովակ է պատրաստելու, որտեղ բացի թուրքերենից՝ տեղ կգտնեն նաև ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը և արաբերենը:
Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Խաղաղություն տանը» կոմիտեն, իսկ գլխավոր կազմակերպիչն էր ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը: Նրանց նպատակն էր հեռացնել Էրդողանին իշխանությունից:
Սակայն, հեղաշրջումը ձախողվեց, իսկ կազմակերպիչները՝ ձերբակալվեցին: Էրդողանի խոսքով՝ այդ օրը հաղթեց ժողովրդավարությունը և այն թուրքական օրացույցի մեջ մտավ որպես՝ Ժողովրդավարության և ազգային միասնականության օր: