Աջափնյակի և Դավիթաշենի ոստիկանները դարանակալել, հետապնդել ու բռնել են գողություն կատարած երիտասարդներին
Հուլիսի լույս 7-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան։
Տեղեկությունների հիման վրա Աջափնյակի և Դավիթաշենի ոստիկանները, ինչպես և վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները դարանակալում իրականացրին Տիգրան Պետրոսյան փողոցում։ Ճշգրիտ կազմակերպված օպերատիվ միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեցին երկու երիտասարդ, որոնք լինգով բացել էին Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող հանրախանութներից մեկի դուռն ու դրամարկղը հափշտակել։ Ոստիկանները, նրանց տեսնելով, սկսել էին հետապնդել։
Երիտասարդները փախուստի փորձ էին արել, բայց՝ ապարդյուն․ դեպքի վայրից մի քանի տասնյակ մետր հեռու բռնվել ու գողության կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Փախչելիս նրանցից մեկը դրամարկղը գցել էր փողոց։ Այն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։
Կասկածանքով բերման ենթարկված 19 և 24-ամյա երիտասարդները խոստովանական բացատրություն են տվել։
Տուժողից հաղորդում է ընդունվել։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։