Ով է Արցախի գլխավոր դատախազի՝ Բակո Սահակյանի նոր թեկնածուն. հրաժարականի իրական պատճառը
Քիչ առաջ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Արցախի գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հրաժարականի տեքստում քաղաքական դրդապատճառներ են նշվում, մասնավորապես, ասվում է, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելն այլևս անհամատեղելի է դարձնում Գլխավոր դատախազի գործառույթը՝ կուսակցական, քաղաքական աշխատանքի հետ:
«Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից»,- ասված է Մոսիյանի հայտարարության տեքստում:
Արթուր Մոսիյանը նաև շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության իշխանություններին` իրեն խիստ պատասխանատու այդ պաշտոնը վստահելու համար, և վստահեցրել, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իր ուժերն անվերապահորեն նվիրելու է համազգային խնդիրների լուծմանը:
Իսկ իրականում այս հրաժարականը քայլ առաջ ճիշտ հաշվարկած որոշում է եղել: Արթուր Մոսիյանը, ում դաշնակցականները դիտարկում են՝ որպես Արցախի նախագահի իրենց թեկնածու, և պատրաստվում են այսուհետ քաղաքական արշավում նրան իբրև թեկնածու ներկայացնել, հնարամտորեն օգտվել են շանսից: Օր առաջ արված հրաժարականի տեքստով մի կողմից՝ Մոսիյանը կանխել է պլանավորված պաշտոնանկությունը, ինչը կթուլացներ իրեն՝ հետագա քաղաքական քայլերի համար, մյուս կողմից՝ այդպիսով ՀՅԴ-ն փորձում է ցույց տալ, որ տարանջատվում է Արցախի իշխանությունից: Այս դիվիդենտները ճիշտ օգտագործելու դեպքում Դաշնակցությանը կծառայեն հատկապես խորհրդարանական ընտությունների ընթացքում, իսկ դրա կարիքն Արցախում այս ուժը շատ ունի:
Փաստորեն, Արցախի գլխավոր դատախազի նոր թեկնածուի նշանակման հարցն արդեն իսկ եղել է նախագահ Բակո Սահակյանի օրակարգում: Եվ սա ուժային կառույցներն ուժեղացնելու մարտավարական քայլերից մեկը, թերևս, պիտի լիներ նախագահի համար, որով Բակո Սահակյանն առաջնորդվեց վերջերս՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի, ոստիկանապետի կադրային ընտրության հարցում:
Այդպիսով, Բակո Սահակյանը պատրաստվում է ուժեղացնել նաև այս լծակը: Իսկ նոր թեկնածուի մասով մեր աղբյուրը միայն մեկ անուն է նշում՝ Մոսիյանի տեղակալ Սևակ Հակոբյանի անունը: Այլ անուներ մինչ այս պահը չեն շրջանառվում, ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատած կադրին Բակո Սահակյանը դիտարկում է՝ որպես միակ արժանի փոխարինող:
Հիշեցնենք, Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը Արթուր Մոսիյանը զբաղեցնում էր 2014թ. հոկտեմբերի 29-ից։
Սյուզի Բադոյան