«Սա ներքաղաքական խնդիրներին վերաբերող քայլ էր». Վրացագետը՝ «Ռուսթավի 2» հեռուստալիքի հաղորդավարի պահվածքի մասին
Վրաստանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ներողություն են խնդրել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ՌԴ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդավարը «P.S.» հեղինակային հաղորդման շրջանակներում անդրադարձել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նրան բնորոշելով՝ որպես օկուպանտ, որի համար երկրի վրա տեղ չկա, և որը մոր և հոր հետ պետք է այրվի դժոխքում։
Մասնավորապես՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է հաղորդավարի կողմից ՌԴ նախագահի հասցեին հնչեցված հայհոյանքները: «Միանշանակ քննադատում եմ ատելության սերմանումը, բանավոր ագրեսիան, վիրավորանքներն ու սադրիչ հայտարարությունները, որոնք այսօր արվել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքով…»,- Twitter-ի իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Իսկ հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հեռուստադիտողից և խոստացել գործողություններ ձեռնարկել հաղորդավարի նկատմամբ։
Վրաստանի արտգործնախարարությունը նույնպես հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ հաղորդավարի արտահայտություններն «Արված սադրանք են, որոնք ուղղված են վրաց-ռուսական հարաբերությունների՝ առանց այդ էլ՝ ծանր իրավիճակի խորացմանը։
Հաղորդավարի պահվածքն առաջացրել է նաև բազմաթիվ հեռուստադիտողների զայրույթը, որոնք պահանջել են, որպեսզի նա ներողություն խնդրի և աշխատանքից ազատման դիմում ներկայացնի։
168.am–ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով հարցին, թե՝ հաղորդավարի հնչեցրած արտահայտություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ ռուս-վրացական հարաբերությունների վրա, պատասխանեց, որ դժվար թե ՌԴ նախագահի հասցեին հնչեցրած բնորոշումները կարող են սառեցնել երկու երկրների հարաբերություններն այն աստիճանի, որին վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հասել են։
«Սա ներքաղաքական խնդիրներին վերաբերող քայլ էր, հեռուստաընկերությունը փորձում է գոյատևել, և ստրասբուրգյան որոշումից առաջ փորձում են նախահարձակ լինել և դիվիդենտներ շահել։ Կարծում եմ՝ հեռուստաընկերության տնօրինության համար սպասելի չէր այն արձագանքը, որը եղավ Վրաստանի ներսում։ Երևի սպասում էին, որ կկարողանան հակառուսական ալիք բարձրացնել և դիվիդենտներ քաղել։ Սակայն բավականին կոշտ էր թե՛ հանրության, թե՛ իշխանությունների արձագանքը։ Այս համատեքստում՝ Ռուսաստանից չարժե սպասել որևէ արձագանքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Վրաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին բարդ է, և նույնիսկ այն զիջումները, որին գնացին իշխանություններիը, որոշ ուժերի համար բավարար չեն, և փորձում են բոլոր հնարավորություններն օգտագործել՝ իրենց համար դրական արդյունքներ ապահովելու համար»,- ասաց վրացագետը։
Հարցին՝ հաղորդավարը սեփակա՞ն նախաձեռնությամբ էր գնացել նման սցենարի, թե՞ հեռուստաընկերության ղեկավարության կողմից կար ուղղորդում, Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ այդքան էլ վստահ չէ, որ նախաձեռնությունը միայն հաղորդավարինն է եղել, քանի որ հեռուտաընկերության տնօրենը մի կողմից՝ դատապարտեց լրագրողի պահվածքը, իսկ մյուս կողմից՝ հայտարարեց, որ կա խոսքի ազատություն։
«Կարծում եմ՝ սրանով հեռուստաընկերության տնօրենը ցույց տվեց, որ կոշտ քայլերի չի գնալու և լրագրողին աշխատանքից չի ազատելու։ Սա արդեն ցույց է տալիս նրա մոտեցումն այս քայլին»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։
Զվարթ Խաչատրյան