Բաժիններ՝

««Հ3»  հեռուստաընկերության սեփականատիրոջ փոխվելու մասին ՀՌՀ-ի ռեգիստրում փոփոխություն չի եղել». ՀՌՀ նախագահ

Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել, որ «Արմենիա»  հեռուստաընկերության նախկին սեփականատերեր, ԱՄՆ-ի «USArmenia TV»-ի ներկայիս սեփականատերեր Բագրատ և Վահագն Սարգսյան եղբայրները վերջերս հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հանդիպման ժամանակ նրանք վարչապետին տեղեկացրել են, որ գնել են «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3»  հեռուստաընկերությունը, և առաջարկել, քանի որ Փաշինյանը չունի իր հեռուստաընկերությունը, նոր գնած լրատվամիջոցն ամբողջովին ծառայեցնել վարչապետին: Նիկոլ Փաշինյանը չի առարկել։

Առք ու վաճառքի գումարը, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 6-7 հարյուր հազար դոլար է:
168.amը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ է, որ այդ հեռուստաընկերությունը վաճառվել է, և ո՞վ է այն գնել։

«Այս տեղեկատվությանը մամուլից եմ ծանոթացել։ Հեռուստաընկերությունների առք ու վաճառքը մեր իրավասությունների մեջ չի մտնում, մենք այդ ամենի մասին ոչինչ չգիտենք, մեզ տեղյակ չեն պահում։ Մինչև ռեգիստրում փոփոխություններ չլինի, մենք դրա մասին տեղյակ չենք լինում։ Մեզ վաճառքի մասին նախապես տեղյակ պահելու որևէ հայեցակարգ չկա, այդ պատճառով որևէ տեղեկություն չեմ կարող ասել, այսինքն՝ մենք չգիտենք՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ»,- նշեց Տիգրան Հակոբյանը։

Հարցին, ե՞րբ տեղեկատվությունը կհայտնվի ռեգիստրում, Տիգրան Հակոբյանը պատասխանեց՝ հենց սեփականատիրոջ փոփոխություն լինի, և տեղի ունենա իրական վաճառք։

«Եթե նկատել եք, այդ հեռուստաընկերությունը հինգ տարի  ծախում են, հինգ տարի է՝ մամուլը գրում է, որ վաճառվել է, բայց պարզվում է՝ սուտ է։ Երբ ռեգիստրում փոփոխություն լինի, այն ժամանակ էլ նոր սեփականատիրոջ մասին հայտնի կդառնա, այսքանը»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս