Բաժիններ՝

Գեղարքունիքում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ եւ Արտանիշ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ:

Իրականության պարզաբանման համար §Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ:

Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում: §Կարելի է տարբեր հետեւություններ անել՝ մտածելով, որ անասունների անկումները կապ ունեն Սեւանա լճի ջրի թունավոր լինելու հետ, կամ ընդհանրապես բացառել այդ վարկածը: Սակայն հարցի վերջնական պատասխանը կստանանք լաբորատոր ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո: Բոլոր կենդանիները ենթարկվել են մորթի՝ փքված վիճակում: Մենք կհրապարակենք արդյունքները՝ պատասխանը ստանալուն պես»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը եւս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը եւ հորդորեց սպասել լաբորատոր քննության արդյունքներին: §Դեպքերի մասին ահազանգը ստանալուն պես հանրապետական լաբորատոր ծառայությունը անկման հասած կենդանիներից նմուշառում է վերցրել՝ պարզելու հիմնական պատճառը: Ճիշտ է, անկումների աշխարհագրությունն ընդգրկուն է, իրարից բավականին հեռավորության վրա գտնվող բնակավայրերում, սակայն ախտանշանները գրեթե նույնն են: Բոլորի մոտ նկատվել է փքվածություն, որից հետո հարկադիր մորթ է կատարվել: Ոչ մի խոշոր եղջերավոր չի սատկել: Շատ հնարավոր է, որ դա լինի առվույտից, որի վրա այս օրերին շաղ կամ անձրեւ է նստում: Հնարավոր է, որ լինի բոլորովին այլ պատճառով: Ճիշտն այն է, որ եզրակացություն անելիս չպետք է շտապենք՝ մինչեւ չունենանք լաբորատոր քննության արդյունքները: Ունենալուն պես կտեղեկացնենք հանրությանը»,-հավաստեց Արշակ Էլիզբարյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս