«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի չի ձգտում ոչ մի պետության հետ». Մուսավի
Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն: Հուլիսի 8-ին այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի չի ձգտում ոչ մի պետության հետ, բայց շատ լավ է պատրաստված իրեն պաշտպանելու համար»,- մեջբերում է Մուսավիի խոսքը Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ «այսօր թշնամին ի դեմս ԱՄՆ-ի կենտրոնացել է (Իրանի դեմ) հիբրիդային ռազմավարության վրա, որը բաղկացած է պատժամիջոցներից, սպառնալիքներից եւ հոգեբանական ճնշումից:
Իրանի շուրջն իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը բարդեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանն այդ մեղադրանքները հերքեց:
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը խոցեցին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի PQ-4 հետախուզական անօդաչու թռչող ապարատը, ինչից հետո ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համաձայն՝ պատրաստեցին ռազմական գործողություն, որը նախատեսում էր կետային հարվածներ Իրանի տարածքում երեք օբյեկտների:
Միացյալ Նահանգների ղեկավարի շարադրած տեղեկատվության համաձայն՝ այդ գործողությունն սկսվելուց 10 րոպե առաջ ինքը հրաման է տվել չկատարել այն՝ համարելով անհամաչափ Թեհրանի գործողություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: