Էջմիածնի քաղաքապետի դեմ հայցը կքննի Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը
Հուլիսի 4-ին «Մանչ 045» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ պարտավորեցնելով վիրավորանքի համար ներողություն խնդրել և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Այդ մասին 168.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ի դեպ, «Մանչ 045» ՍՊԸ-ն այն կազմակերպությունն է, որը շահագործում է Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգու տարածքում գտնվող սրճարանը, որն ավելի շատ հայտնի է՝ որպես Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարան։
Հունիսի 3-ի իր ուղիղ եթերի ընթացքում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացրել էր, որ «քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու և կառուցելու համար Մանվել Գրիգորյանի մերձավորներին (սակայն բոլորս գիտենք, որ այդ ամենի հետևում հենց նա է կանգնած) տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչև 2028 թվականը, տարեկան մոտ 23 հազար դրամի չափով վարձավճարով»։
Ըստ Գասպարյանի՝ պայմանագիրը կնքված է այնպես, որ այն մինչև ժամկետի ավարտը լուծելու որևէ իրավական հնարավորություն չի նախատեսում, և միակ բանը, որ քաղաքապետարանը հնարավորություն ունի փոփոխել, վարձավճարի չափն է։
«Մանչ 045» ՍՊԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանն է, նշել է, որ հայցի առիթն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ հունիսի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությունն է, որի ժամանակ Էջմիածնի քաղաքապետը կոչ էր արել բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանի աշխատանքը։
Հիշեցնենք, Դ. Գասպարյանը մասնավորապես ասել էր . «Ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտելու այդ սրճարանի աշխատանքը, անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»:
Արդյո՞ք մասնագիտությամբ իրավաբան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը չէր ենթադրում, որ իր հայտարարությունները նման հետևանքներ կունենային՝ փորձեցինք ճշտել հենց Դիանա Գասպարյանից, ով, պարզվեց, որ դեռևս ծանոթ չէ իր դեմ ներկայացված հայցին:
«Ես դատական հայցը կուսումնասիրեմ, որից հետո պարզաբանում կտամ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Էջմիածնի քաղաքապետը:
Ի դեպ, մի ուշագրավ փաստ նույնպես. ըստ «Դատալեքսի»՝ սույն գործը քննող դատավոր է ընտրվել Նաիրա Մանվելի Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը: Ըստ երևույթին՝ ընտրությունը եղել է էլեկտրոնային համակարգի մակագրությամ, և, ենթադրաբար, եթե շահերի բախում լինի, կլինի նաև դատավորի ինքնաբացարկ:
Զարուհի Դիլանյան