Դատաիրավական համակարգի բարեփոխումների աշխատանքների մասին պատգամավորներն անտեղյակ են. արդարադատության նախարարությունը ստո՞ւմ է. «Փաստինֆո»

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ տեղյակ չեն իրենց հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքների, դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակման մասին:

Հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարությունն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես՝ մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, դրա համատեքստում հստակեցվում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները, մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը։

«Փաստինֆո»փորձեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ինչպես են ընթանում նշված փաստաթղթերի մշակման աշխատանքները, ովքեր են դրանց մասնակցում։ Պարզվեց, որ հանձնաժողովի ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխող ուժին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներն անտեղյակ են։

‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ համագործակցության որևէ առիթ չի եղել երկու կողմերի միջև, և նորանշանակ նախարարի մասնակցությամբ հանդիպումներ չեն եղել:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, ‹‹Լուսավոր Հայաստան›› խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ ինքը նույնպես տեղյակ չէ նման աշխատանքներից.

«Գուցե իրենք իշխանական պատգամավորների հետ են քննարկումներ իրականացնում»,-ասաց Սիմոնյանը:

‹Փաստինֆո››-ն կապ հաստատեց իշխանական «Իմ քայլի» պատգամավորներ Նիլոլայ Բաղդասարյանի և Սերգեյ Ատոմյանի հետ, ովքեր նույնպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ են:

Բաղդասարյանը չհասկացավ՝ թե ինչ նախագծի մասին է խոսքը (կարծես տեղյակ չէր):

-Պարոն Բաղդասարյան, Դուք մասնակցո՞ւմ եք Արդարադատության նախարարության հետ իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների աշխատանքներին:

-Ի՞նչ է նշանակում դատաիրավական բարեփոխումներ։ Դատաիրավական բարեփոխումները, եթե բացատրեք, թե ինչի մասին է խոսքը՝ կասեմ։ Բավական ծավալուն փոփոխություն է կատարվել ‹‹Հարկադիր ծառայության մասին›› օրենքում, դա բարեփոխու՞մ է, թե՞ ոչ:

– Խոսքը գնում է Բարեվարքության նախագածի մասին։

– Ինչի՞ մասին…

-Նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են իրականացվում դատավորների բարեվարքության գնահատման նախագիծը մշակելու ուղղությամբ։

-Դա որն է, ես չգիտեմ։

-Այսինքն՝ նման քննարկումներից տեղյակ չե՞ք։

-Նկատի ունե՞ք էթիկայի նորմերը….

Ի վերջո հասկանալով, թե ինչի մասին է խոսքը պատգամավորն ասաց, որ մեր հարցին կարող է պատասխանել միայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. ‹‹Այն նախագիծը, որն ինձ է մակագրված ես կարող եմ պատասխանել, իսկ որը իրեն՝ միայն ինքը կարող է պատասխանել: Լսել եմ նման մի բան, բայց միայն ինքն ու տեղակալը կարող են պատասխանել››:

Սերգեյ Ատոմյանը եւս տեղյակ չէր, թե ովքեր են մասնակցում, բայց վստահեցրեց, թե քննարկումներ տեղի ունենում են:

Փորձեցինք կապ հաստատել հանձնաժողովի նախագահի Վլադիմիր Վարդանյանի հետ՝ պարզելու, ի  վերջո, պետաիրավական հանձնաժողովը մասնակցո՞ւմ է նախագծերի մշակման աշխատանքներին, ինչպես հայտարարել է ԱՆ-ն, եթե այո, ապա ովքեր են ներգրավված, քանզի մեր զրուցակից պատգամավորներն անտեղյակ էին, բայց նա իմանալով, որ իրեն զանգահարողը լրագրող է, ասաց՝ երկրում չէ ու անջատեց հեռախոսը:

Ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ հանձնաժողովը որպես այդպիսիք ներգրավված չէ այդ կարեւորագույն փաստաթղթերի մշակման աշխատանքներին, կամ էլ այն իրականացվում է հատուկ «ընտրյալների» մասնակցությամբ, որոնց շրջանակը չգիտես ինչու գաղտնի է պահվում։

Տեսանյութեր

Լրահոս