«Ներկայիս իշխանությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ սխալներ է թույլ տվել, քան մյուսները 30 տարվա ընթացքում». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անգործությանը, նկատեց՝ ափսոսում է, որ եղել է այն պատգամավորներից մեկը, ով ոչ միայն քվեարկել է Արմեն Սարգսյանի օգտին, այլև պաշտպանել է նրա թեկնածությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներից։
«Հիմա Նիկոլ Փաշինյանը դարձել է Արմեն Սարգսյանի գործընկերը, միմյանց շատ լավ հասկանում են, իսկ ես Արմեն Սարգսյան գործչի հետ որևէ դրդապատճառի հասկանալու կամ չհասկանալու խնդիր չունեմ։ Ես գնահատականներ եմ տալիս երևույթներին և, դժբախտաբար, ՀՀ սահմանադրական այն նորմերը, որոնք ամրագրում են ՀՀ նախագահի գործառույթները, այսօրվա Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը չի կատարում։ Այս ամենի վկան մենք եղանք հոկտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պաշարել էին Ազգային ժողովը, և այսօր խորհրդարանի ցրման թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց պատասխանատվության իր բաժինն ունի նաև Արմեն Սարգսյանը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը՝ որպես արտախորհրդարանական ամենաակտիվ ու ազդեցիկ քաղաքական ուժը, օրենքով սահմանված բոլոր մեթոդներն ունի իր զինանոցում, սակայն որևէ խնդիր չունի ընդդեմ ինչ-որ մեկի պայքարելու համար, այլ իրենց պայքարը լինելու՝ հանուն Հայաստանի։
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ներկայիս իշխանությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ սխալներ է թույլ տվել, քան մյուս բոլոր իշխանությունները 30 տարվա ընթացքում»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում դրական որևէ փոփոխություն արձանագրե՞լ է, Է. Շարմազանովը պատասխանեց, որ դրական փոփոխությունների համար Նիկոլ Փաշինյանն 88 հոգի ծափ տվող ունի։
«Գլոբալ առումով ի՞նչը դրական համարեմ, երբ հարձակվում են Վեհարանի վրա, երբ Շուռնուխում համասեռամոլության քարոզ է լինում, երբ տրանսգենդերության քարոզ է լինում խորհրդարանում, և այլն»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան