
Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ վիետնամցի շրջանավարտներին հրավիրել է Երևան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ:
Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի դեսպանության հետ:
Վարչապետը նշել է, որ ուրախ է հեռավոր Վիետնամում տեսնել Հայաստանի բազմաթիվ բարեկամների, ովքեր իրենց ներդրումն ունեն երկրի զարգացման գործում: «Խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում ուսում է ստացել շուրջ 1000 վիետնամցի ուսանող և այսօր մենք այս երկրում ունենք ոչ թե մեկ, այլ 1000 դեսպան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Վիետնամի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել է նաև կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակը և ԵՊՀ բոլոր վիետնամցի շրջանավարտներին աշնանը հրավիրել Երևան` մասնակցելու հոբելյանական միջոցառումներին:
«Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամները ողջունել են վարչապետի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել հանդիպման համար: Ջերմ մթոնոլորտում անցած ընդունելության ժամանակ նրանք կատարել են նաև հայկական երգեր:
Նիկոլ Փաշինյանը Վիետնամում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում` ծանոթացել աշխատանքային պայմաններին: