«Սա կեղծ քաղաքական օրակարգ է, որը հրապարակ են նետել վարչապետի կողմնակիցները». Էդուարդ Շարմազանովը՝ սահմանադրական ճգնաժամի մասին

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ երբևէ Հայաստանի սահմանադրական կարգին այդքան վտանգ չի սպառնացել, որքան վերջին մեկ տարվա ընթացքում։

«Մասնավորապես՝ հոկտեմբերի 2-ին, երբ տեղի ունեցավ Ազգային ժողովի խայտառակ պաշարումը Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից, և մայիս 19-ի խայտառակ որոշումը վարչապետ Փաշինյանի կողմից՝ արգելափակել դատարանների և դատական իշխանությունների մուտքերը։ Իսկ երրորդ խայտառակ ու ինքնակոչ հայտարարությունը Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու վերաբերյալ հայտարարությունն էր։ Այս ամենից հետո իշխանության որևէ ներկայացուցիչ՝ ո′չ օրենսդիր, ո′չ գործադիր մարմնից այս ամենի մասին չխոսեց»,-լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ, և լավագույն լուծումն այն կլինի, որ դատարանի ձևավորմանը մասնակցություն ունեցող 4 մարմինները (կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ և դատավորների ընդհանուր ժողով) քննարկումներ անցկացնեն և հարցին լուծումներ գտնեն, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ավելի լավ էր Արարատ Միզոյանը լռեր, քան նման գնահատական հնչեցներ, քանի որ Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, և ամեն ինչ շատ հստակ է. «ՍԴ-ն ունի նախագահ և Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս անդամներն այնքանով  են ՍԴ անդամներ, որքանով մեկին գումարած մեկ  հավասար է երկուսի։ Այստեղ կիսում եմ իմ գործընկեր Դավիթ Հարությունյանի գնահատականները, թե ի՞նչի շուրջ ենք վիճում և ի՞նչ ենք քննարկում։ Այն, ինչ փորձում են քննարկել, կեղծ քաղաքական օրակարգ է, որը հրապարակ են նետել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ՝ նպատակ ունենալով ուզուրպացնել ամբողջ իշխանությունը»,-շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունը գործել է ոչ թե Սահմանադրության շրջանակներում, այլ նախորդ տարվա օգոստոսի 17-ից սկսած՝ գնում է բացարձակ դիկտատուրայի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս