Վանաձորի բնակչուհին սպառնալիքների ճնշման տակ հարևանուհուց շորթել է ավելի քան 1 միլիոն ՀՀ դրամ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչուհին շորթում կատարելու դիտավորությամբ իր հարեւանուհու պատիվն արատավորող տեղեկությունների տիրապետելով՝ տեւական ժամանակ սպառնացել է դրանք հրապարակել, ինչի դիմաց շարունակաբար ստացել է ընդհանուր առմամբ 1.165.000 ՀՀ դրամ և 123.030 ՀՀ դրամին համարժեք 17.000 ՌԴ ռուբլի գումար, որոնցից 5.000 ՌԴ ռուբլին և 90.000 ՀՀ դրամը ստացել է հարեւանուհու որդու միջոցով։
Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոս ամսից մինչև 2019 թվականի մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։ 57-ամյա բնակչուհին իր հարեւանուհու կողմից իր նկատմամբ ունեցած դրամական պարտքը՝ 217.000 դրամը ստանալուց հետո, տեղյակ լինելով վերջինիս արտաամուսնական հարաբերությունների և շատերին դրամական պարտքեր ունենալու մասին, շորթում կատարելու դիտավորությամբ նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող նշված տեղեկությունները նրա ամուսնուն հայտնելու եւ հրապարակելու սպառնալիքով մեկ միասնական դիտավորությամբ, շարունակաբար հարեւանուհուց պահանջել և ստացել՝ շորթել է խոշոր չափերի գումար։
Նշված արարքը կատարելու համար բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, այն է՝ առանձապես խոշոր չափերով շորթումը։
Բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։