
Տարոն Աճեմօղլուի ընկերը պատմել է թուրքական վարժարանում նրա հետ պատահած միջադեպի մասին

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուի ուսանողական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին իր թուրք ընկերոջ լուսաբանումը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է` թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել:
Այդ միջադեպի հետ կապված Սարուհան Դողանն ասել է.
«1980թ. սեպտեմբերից հետո (խմբ.` այդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում) կրթական հաստատություններում ֆաշիզմի քամին էր տարածվում: Մեր ուսուցիչներից ոմանք այդ հոսանքի տակ ընկան: Նրանք առաջնորդվում էին «պահպանողական մշակույթ ներդնենք, մեր երիտասարդությունը հանկարծ կոմունիստ չդառնա» գաղափարներով: Մեր պատմության ուսուցիչը դասի ժամանակ ոտքի է կանգնեցնում մեր ընկերներից մեկին (Տարոն Աճեմօղլուին) և հարցնում նրա անունը, թեև լավ գիտեր անունը: Մեր ընկերը պատասխանում է` Տարոն: Ուսուցիչն ասում է. «Թուրքը այդպիսի անուն չունի, սրանից հետո քո անունը Սուլեյման է» և իր տեղը նստեցնում»:
Դողանը պատմում է, որ տարիներ անց Աճեմօղլուն ընկերներին ասել է` «այդ օրը սպասում էի, որ ձեզնից մեկը վեր կկենար և ինչ-որ բան կասեր, սակայն ոչ ոքդ վեր չկացավ»: