Բաժիններ՝

«Մենք ժանդարմի դեր ենք կատարում ամբողջ աշխարհի համար». Թրամփ

Ամերիկյան զորակազմը վերջնական հաշվով անհրաժեշտ է դուրս բերել Աֆղանստանից, սակայն երկրում պետք է պահպանվի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների մշտական ներկայությունը: Հուլիսի 1-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում։

Խոսելով Աֆղանստանի մասին՝ Միացյալ Նահանգների ղեկավարն արձանագրել է, որ ԱՄՆ-ի զինվորականներն այդ երկրում են գտնվում շատ երկար ժամանակ: «Մենք ժանդարմի դեր ենք կատարում ամբողջ աշխարհի համար: Նայեք Ռուսաստանին, նա համաշխարհային ժանդարմ չէ, նա կարգ ու կանոն է պահպանում իր մոտ երկրում»,- ասել է Թրամփը: Նա նաեւ նշել է. «Նայեք Չինաստանին, նրանց զորքերը չեն գտնվում ամենուրեք»:

«Մենք զգալիորեն կրճատել ենք մեր ուժերն Աֆղանստանում,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը՛- Ես կցանկանայի պարզապես հեռանալ այդ երկրից: Խնդիրն այն է, որ այն, ինչպես թվում է, յուրատեսակ լաբորատորիա է ահաբեկիչների համար»: «Ես կհեռանայի երկրից, եւ մենք կհեռանանք այնտեղից, բայց մենք շատ հզոր հետախուզություն կթողնենք»,- եզրափակել է Թրամփը:

Աֆղանստանում ռազմական գործողությունը շարունակվում է արդեն ավելի քան 17 տարի՝ 2001 թվականի դեկտեմբերից: 2010 – 2013 թվականներին ռազմարշավի առավելակետին այդ երկրում արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական ուժերն Աֆղանստանից դուրս են բերվել 2014 թվականին, իսկ այժմ այդ երկրում մնում է դաշինքի հրահանգիչների եւ խորհրդականների՝ 14-հազարանոց առաքելությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս