Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիա քաղաքից ուխտավորաբար հայրենիք ժամանած հայորդիներին՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի ուղեկցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ ողջույնի իր խոսքում Հակոբ քահանան նշել է, որ ուխտավորների մի մասն առաջին անգամ է Հայաստանում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, ողջունել է սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հայրենիքը տեսնելու և ուխտը նորոգելու լավագույն առիթ են դառնում: Այդ հարցում Նորին Սրբությունը կարևորել է Հայաստանում հասակ առած հոգևոր սպասավորի առաքելությունը սփյուռքում, որի ծառայության շնորհիվ օտարության մեջ ապրող հայը շարունակում է սնվել ազգային-հոգևոր արժեքներով:
Գարեգին Բ Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ սփյուռքի հեռավոր անկյուններում ապրող իր զավակներն իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք՝ պատգամելով նրանց շարունակել զորացնել համայնքի ազգային կյանքը և հայրենանվեր ծառայությունը՝ Եկեղեցու ու մշակույթի միջոցով պահպանելով ազգային ինքնությունը:
Նորին Սրբությունը նաև պատասխանել է ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևորականների պատրաստությանը, հայրենական կյանքին, Հայաստանին և Սուրբ Էջմիածնին իրենց ծառայությամբ օգտակար լինելու ուղիներին:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել ուխտավորներին և Ֆիլադելֆիայի հայ համայնքին` առանձնակի կերպով գնահատելով նրանց ազգային ոգին ու հավատարմությունը Մայր Եկեղեցու հանդեպ: