Գվարդիոլան քննադատել է Սուպերլիգայի գաղափարը
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անհամաձայնություն է հայտնել Եվրոպայի լավագույն ակումբների համար նախատեսված Սուպերլիգայի գաղափարին:
«Ես այս գաղափարի հետ համաձայն չեմ: Ինչ-որ մեկն ինձ պետք է բացատրի , թե ինչու է սա լավ գաղափարը: Եթե դա տեղի ունենա, մենք կսպանենք ներքին առաջնությունը:
Եթե «Բարսելոնան» և «Ռեալը» հեռանան և չխաղան «Էսպանյոլի» դեմ, ով կհետևի՞ առաջնությանը: Իսպանական լիգան կմեռնի:
Անգլիայում մարդիկ շատ խելացի են, նույնիսկ չորրորդ դիվիզիոնում, մարզադաշտերը լի են: Անգլիայում նրանք թույլ չեն տա, որ տեղական ֆուտբոլը մեռնի:
Չեմպիոնների լիգայի մեծության մի մասը այն է, որ հանդիպումները ամեն կիրակի չեն անցկացվում: Եթե նրանք ամեն շաբաթ խաղան, հանդիպումները կկորցնեն իրենց հմայքը:
«Բարսելոնայի» և «Էսպանյոլի» միջև դիմակայությունը շատ կարևոր է քաղաքի համար: Եվ որքան ավելի շատ լինեն Կատալոնիայի թիմերը Լա Լիգայում, այնքան ավելի լավ:
Եթե մենք սպանենք ներքին առաջնությունը, ապա որևէ մեկին հետաքրքիր չի լինի դիտել այն թիմերի խաղերը, որոնք չունեն եվրապական առաջատար առաջնություններում խաղալու հնարավորություն»,-ասել է Գվարդիոլան:
Ըստ WikiLeaks-ի ֆուտբոլային տարբերակի՝ Football Leaks-ի, մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբներ ցանկանում են դուրս գալ ՈՒԵՖԱ-ից և ստեղծել իրենց Սուպերլիգան: Ըստ նախագծի՝ 2021 թվականից Չեմպիոնների լիգան այլևս չի լինի: Դրա փոխարեն՝ Եվրոպայի առաջատար 11 ակումբները կանցկացնեն իրենց մրցաշարը: Նշվում է, որ նոր լիգայում կլինի 16 ակումբներ, որոնցից 11-ն առնվազն 20 տարի կմնան պայքարում և չեն լքի մրցաշարը: Եվս 5 ակումբներ կհրավիրվեն՝ որպես հյուր: 11 ակումբների թվում են այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Միլանը»:
Առաջին «հյուրերը» կլինեն «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», «Ինտերը», «Մարսելը» և «Ռոման»:
Փաստաթղթի ստորագրումը պետք է լիներ 2018 թվականի նոյեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան