
Իսպանիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում. Սենատի նախագահը՝ ՀՀ դեսպանին

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն Իսպանիայի Սենատում հունիսի 24-ին հանդիպել է Սենատի նախագահ Մանուել Կրուս Ռոդրիգեսի (Manuel Cruz Rodríguez) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Կարմիրշալյանը Մանուել Ռոդրիգեսին փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորանքներն ու Հայաստան այցելելու հրավերը՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների խորհրդարանների միջև կարող են նոր շունչ հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Մանուել Ռոդրիգեսն իր հերթին շնորհավորել է դեսպան Կարմիրշալյանին Իսպանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրել, որ Իսպանիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Վլադիմիր Կարմիրշալյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի խորհրդարանում արդեն ձևավորվել է Իսպանիայի հետ բարեկամության խումբը և հայ խորհրդարանականների մոտ առկա է մեծ ցանկության իսպանացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:
Իսպանիայի Սենատի նախագահը հետաքրքրվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով: Դեսպան Կարմիրշալյանը նշել է, որ ընդամենը վերջերս Վաշինգտոնում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և չնայած Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները խնդրի խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար: Անդրադառնալով Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններին՝ Վլադիմիր Կարմիրշալյանը նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շարունակում է լինել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն հայկական կողմը երբեք դա որպես նախապայման չի ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: