Ի՞նչ ակնարկներ է անում Բադասյանը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահ է՝ չեն կարող լինել քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ), որ չենթարկվեն նախարարին: Նման տեսակետ այսօր Ռ. Բադասյանը կառավարության նիստից հետո հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Չի կարող լինել նման մարդ, որ կառավարությունում աստիճանակարգության ենթակայության հարաբերությունների շրջանակում չենթարկվի»,- ասաց նա՝ երաշխավորելով, որ ճիշտ ձևով աշխատելու են:

Ըստ Ռ. Բադասյանի՝ ՔԿՀ-ներում հանցավոր ենթամշակույթի դեմ համակարգային քայլեր են իրականացնելու:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի վարքին, որ առանց մեղադրյալի պաշտպաններին դիրքորոշում հայտնելու հնարավորություն տալու, գնաց խորհրդակցական սենյակ, Ռ. Բադասյանը նշեց, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ. «Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու»:

Հիշեցնենք, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին թեև դե յուրե նշանակում է ՀՀ Արդարադատության նախարարը, սակայն դե ֆակտո այն ենթարկվում է միայն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությանը։

Նաև հիշեցնենք երկու կարևորագույն ծառայությունների մասին, որոնք թեև  ՀՀ Արդարադատության նախարարության ենթակայության տակ են,  սակայն դրանց ղեկավարներին այդ պաշտոններում նշանակում է ՀՀ վարչապետը։ Հետևաբար, այդ կառույցներն ու դրանց ղեկավարներն  անմիջապես ենթարկվում են վարչապետին և ոչ թե նախարարին։

 

 

Տեսանյութեր

Լրահոս