
Զոհրաբ Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանին ներկայացրել է Մամեդյարովի հետ խորհրդակցությունների մանրամասները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ԱԳՆ կայքը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները:
Անդրադառնալով հանդիպմանը նախորդող շրջանում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով իրադրության լարմանը՝ նախարար Մնացականյանն ընդգծել է նման զարգացումների բացասական ազդեցությունը խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
Խաղաղ գործընթացի առաջմղման գործում ՀՀ ԱԳ կարևորել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը և ռազմատենչ հռետորաբանության բացառումը: