Լեզվի կոմիտեն 22 տնտեսավարողների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտումներ է վերհանել. կառույցը գործերն ուղարկել է դատարան
«Լեզվի մասին» օրենքը խախտելու համար 22 տնտեսավարողների նկատմամբ վարույթ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները, սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին: Առիթից օգտվելով՝ մենք հորդորում ենք տնտեսավարողներին ուղղել, շտկել ցուցանակները, գովազդը, որ հետո դժգոհություն չլինի»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Չնայած կոմիտեի՝ գովազդները, ցուցանակները շտկելու հորդորներին, դեռ քաղաքների արտաքին հարդարանքն այդ իմաստով չի փոխվում: Դավիթ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ նշված 22 գործերը վարչական դատարանում են: Նրանք, ովքեր հայերենի շահը ոտնահարել են, կենթարկվեն պատասխանատվության:
«Տնտեսավորողների մոտ մեզ հանդիպած խնդիրներից առաջինն այն է, որ հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է: Հիմնականում օտարալեզու գրառումներ են: Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250 հազար դրամն «աչքի առաջ ունենալ»: Վարչական իրավախախտումների մասին օրենքն է այդքան սահմանում»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: