«Երկրորդ նախագահի կարծիք, որ գոյություն ունենալու իրավունք ունի». Վահե Էնֆիաջյան

«Դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է, և մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք: Սահմանադրական դատարանի մասով որևէ պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ, այն գործընթացները, որ տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում: Եվ մենք պետք է իրոք կարողանանք քաղաքական կամք գտնել և նախադրյալ ստեղծենք, որպեսզի բոլոր իշխանության ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված և արդարացի իրականացնեն»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխության ու Ռոբերտ Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու մասին:

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանի խոսքով՝ Քոչարյանի կալանքի կապակցությամբ ԲՀ-ն բազմիցս ասել է, որ հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ, օրենքով սահմանված կարգով, երբ կլինի այս հարցի իրավական հանգուցալուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա:

Վահե Գրիգորյանի հետ կապված՝ Ի.Տոնոյանը նշեց, որ որոշ առումով «սահմանադրացավ» է առաջացել, ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա.

«Եթե մենք փորձում ենք որոշակի բովանդակություն հաղորդել նրա հայտարարություններին, նախկինում հայտարարում է ոչ լեգիտիմ նախագահի մասին, ապա, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է և ընտրվում ՍԴ դատավոր, և հետագայում նման աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս: Մենք ունենք օրենսդրական կարգավորումներ այս հարցի հետ կապված, և այդ կարգավորումներից դուրս մենք այս պահին չենք դիտարկում»:

Հարցին՝ երկրորդ նախագահի շուրջ տեղի ունեցողն իրավակա՞ն, թե՞ քաղաքական դաշտում է, Վ.Էնֆիաջյանն ասաց, որ հարցին արդեն պատասխանել է՝ հարցն իրավական հարթության մեջ է:

Քոչարյանի հայտարարությունը՝ երկրում ո՛չ օրենք կա, ո՛չ էլ օրինականություն, Տոնոյանը բնորոշեց՝ որպես «երկրորդ նախագահի կարծիք, որ գոյություն ունենալու իրավունք ունի»: Ըստ նրա՝ օրենքի շրջանակներում պետք է դիտարկել բոլոր գործընթացները, և օրենքի առաջ բոլորն են հավասար:

Վ. Էնֆիաջյանը հավելեց, որ, երբ կստանան բոլոր գործընթացների ամբողջական պատկերը, իրենց գնահատականները չեն ուշանա.

«Ամբողջ գործընթացը սկզբից վերջ ամփոփած չունենք: Երբ փաստերն ու վճիռ կինի, մեր մոտեցումները կներկայացնենք: Մեր երկրի համար չափազանց կարևոր դեպքերի հետ կապված՝ պետք է արդարությունը վերականգնվի և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

Տեսանյութեր

Լրահոս