Մամեդյարովը հայտարարել է, որ ինքը Նոստրադամուսը չէ

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առաջարկների է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մոտ հանդիպման ժամկետների շուրջ։

Այս մասին այսօր, ըստ Minval.az-ի, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը։

«Ես Նոստրադամուսը չեմ, որ ասեմ, թե երբ կլինի նոր հանդիպումը. որքան շուտ, այնքան լավ։ Համանախագահները կասեն, թե երբ հնարավոր կլինի նոր հանդիպում անցկացնել»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների` հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումն ավելի քան 3 ժամ է տևել։

«Այդ հանդիպման դրական կողմն այն է, որ միջնորդները մեզ առաջարկներ են ներկայացրել քննարկման համար։ Դրանք հի՞ն, թե՞ նոր փաստաթղթեր են։ Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարիներին»,- ասել է Մամեդյարովը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնում. հայկական զորքերը դուրս պետք է բերվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից։

Նրա խոսքերով` հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումից հետո։

«Ինչ վերաբերում է այլ հարցերին, դրանք քննարկվում են։ Բայց հիմնականը հայկական զորքերի դուրսբերումն է»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ՝ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը «սուբստանտ բանակցությունների ներմուծման» կողմնակից է։

Մամեդյարովը շեշտել է՝ «Մոտակա 2-3 ամիսներին մենք կդիտարկենք համանախագահների առաջարկները»։

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է հարցը, որ իրենց պետք է կարգավիճակ և անվտանգություն։ Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերին, ապա համանախագահները պետք է ավելի շատ ճշգրտեն իրենց առաջարկներն ու հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի վրա»,- եզրափակել է Մամեդյարովը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս