«Առկա ձեւակերպումներով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ». Արամ Օրբելյան
«Այն ձեւակերպումներով, որ կան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում, ոչ միայն Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում այս մասին այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը. «Այդ հոդվածները սահմանադրական չեն, եւ նախկինում էլ չեն եղել, երբ պետք է կիրառվեին 2009-ից հետո. դա վերաբերում է թե Նիկոլ Փաշինյանին, թե Սասուն Միքայելյանին, թե Շանթ Հարությունյանին, թե Ալեքսանդր Արզումանյանին, թե մյուսներին: Ասում են՝ մահեր, զոհեր, թալան… Երբ դրանցով կլինի մեղադրանք, այդ ժամանակ էլ կքննարկենք»,- ասաց Օրբելյանը:
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը Ոստիկանության կողմից ապահովելուն, փաստաբանն ասաց, որ հասարակության ծայրահեղ բեւեռացման ֆոնին վտանգ կարող է լինել ցնակացած կողմից. «Էական չէ՝ այդ վտանգը Քոչարյանի աջակիցների, ընդդմիադիրների թե մի երրորդ կողմից է: Կա օրենսդրական կարգավորում, եւ եթե դատավորը ունի մտավախություն, եթե զգում է, որ կա ծայրահեղ լարվածություն, փորձում է ապահովել իր անվտանգությունը: Մենք տեսանք, թե ինչ եղավ Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո, երբ դատավորի հասցե, հեռախոս, անձնական տվյալներ սկսեցին հրապարակել»:
Ինչ վերաբերում է դատավորին հայտնած ինքնաբացարկներին, ըստ Օրբելյանի՝ երբ բոլորը անվստահություն ունեն դատարանի նկատմամբ, ենթադրվում է, որ դատարանը պետք է ինքնաբացարկ հայտնի ինքնուրույն, եւ իրենք նման դեպք արդեն ունեցել են. «Անվստահություն կար տուժողի ներկայացուցչի կողմից, պաշտպանական կողմից, Դատախազությունն էլ ամբողջությամբ չասաց, բայց մեր ինքնաբացարկի հիմքերից մեկն էլ դա էր. եթե ոչ մեկը չի վստահում դատարանին, դա ոչ թե երաշխիք է նրա անկախության, այլ խաթարում է դատարանի նկատմամբ վստահությունը»:
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ՊՎԾ պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ով 2008 թվականին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանապետն է եղել, «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մոտ 50-100 մեքենա Արցախից եկել է Հայաստան, եւ ինքը անձամբ է հրահանգ ստացել՝ դիմավորելու նրանց, ավելին, Գորիսից մեքենաների համարանիշներ են գնացել ԼՂՀ, եւ այնտեղ այդ ավտոմեքենաներից կային, Արամ Օրբելյանը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի այն խոսքը, որ ԼՂՀ զինված ուժերից գեթ մեկ սպա կամ զինվոր ՀՀ չի եկել. «Վանյանը չի ստում, այսինքն՝ առնվազն ասում է այն, ինչ տեսել է, բայց նրա եւ Ռոբերտ Քոչարյանի ասածի միջեւ կա տարբերություն»:
Պաշտպանը, սակայն, դա չի կարող մեկնաբանել, որովհետեւ այդ հարցը քննվել է փակ դատական նիստին, եւ հավելյալ տեղեկություններ այս փուլում տալու իրավունք չունի:
Արամ Օրբելյանն ասաց, որ եթե վաղը որոշում չկայացվի գործը վերսկսելու եւ իրենց հնարավորություն չտրվի դիրքորոշում հայտնել, ապա դատարանի որոշումը պետք է լինի ներկայացված բողոքների մերժում: