ՀՀ առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչի աշխատանքները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ:
?? Այսօր հանդիպեցի ՀՀ պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների մեր գործընկերների հետ: Մի քանի կարևոր շեշտադրումներ արեցի զորակոչի կազմակերպման բժշկական ուղղության մասին, որոնց կարող եք ծանոթանալ տեսանյութի մեջ:
Gepostet von Arsen Torosyan am Donnerstag, 20. Juni 2019
«Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչը ձեր կատարած ամենակարևոր գործառույթներից մեկն է, քանի որ դրա արդյունքում հայկական բանակ են զորակոչվում մեր քաղաքացիները, որոնք պետք է համապատասխանեն չափանիշների` սահմանված կառավարության որոշումներով»,- նշել է նախարարը:
Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը կարևոր է անել որակյալ և ճիշտ ժամանակին:
«Այսինքն, դա պարզապես չլինի ինչ-որ թղթերի գեներացիա, որոնք տրվում են մեր երիտասարդ տղամարդկանց ինչ-որ ամիսների, տարվա ընթացքում, այլ լինեն նեղ մասնագիտական լուրջ փաստաթղթեր, եզրակացություններ, որոնք կլինեն պատշաճ ձևով ձևակերպված»,- ընգծել է նա:
Թորոսյանը հույս է հայտնել, որ գործընկերների կողմից հավելյալ ռեսուրսներ կներգրավվեն թե ադմինիստրատիվ և թե բուժական հարցերով:
«Այս պրոցեսում պետք է բացառվի կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով` լինի դա գործընկեր, երեխա, ծառայություն, փող կամ ապագայում ինչ-որ ակնկալիք։ Մենք իրավապահ մարմին չենք և իրավական գնահատական տալ չենք կարող, բայց մի բան հստակ է` ոչ մի բան չենք թաքցնելու, եթե իմանանք»,- եզրափակել է նա:
Այնուհետև տեղի է ունեցել քննարկում 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինապարտների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հետազոտման և փորձաքննության ընթացքի, գործընթացի ընթացքում ծագած խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ: