ՔԿՀ-ներում որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել. նորանշանակ նախարար
Այսօր կառավարության նիստում արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի առաջին զեկուցումը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, գործընկերները ծափերով ողջունեցին:
Նա ներկայացրեց 2019 բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը, որով քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար նախատեսվում է հատկացնել 185 մլն դրամ:
Նախարարը նշեց, որ ՔԿՀ-ներում որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել և խնդրեց խոսք տալ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին:
Վերջինս նշեց, որ ՔԿ-ներում իրենց ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ 2018 թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցներով վերանորոգման և կառուցապատման աշխատանքներն իրականացվել են խախտումներով, նաև խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշ դրույթների կատարման մեջ. «Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին ծառայություն են մատուցել ՔԿՀ-ին»:
Նա նշեց, որ այդ մասին տեղեկանք է ուղարկվել ՀՀ դատախազություն:
Ա.Քյարամյանը տեղեկացրեց, որ այսօրվա որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել նախորդ չկատարված աշխատանքները կատարելու համար.
«Նախորդ պահանջված գումարի չափով, մի քիչ էլ ավել գումար ենք ուզում նույն աշխատանքները կատարելու»:
Վարչապետի հարցին՝ այդ աշխատանքների համար գումարը վճարվե՞լ է, Քյարամյանը պատասանեց, որ վճարումների 95% արվել է, բայց շինարարական ընկերությանը չի փոխանցվել: ՊՎԾ պետի պաշտոնակատարի խնդրանքով հարցը հանվել օրակարգից՝ ուսումնասիրելու համար: