
«Մենք բավարար կամք ունենք, որպեսզի ֆեյքերին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում». Նիկոլ Փաշինյան

«Աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար»,- այսօր, ելույթ ունենալով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության հինգերորդ համագումարում կիսահեգնական նկատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադառնում էր «100 փաստ Հայաստանի մասին» գրքույկում ներկայացված վիճակագրությունը: Ըստ այդմ, անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա մայիսը Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ7
«Դրանց մի մասը ստվերից դուրս եկած, մյուս մասը նոր ստեղծված աշխատատեղերն են, բայց երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ մեր 100 փաստերում աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս դեպքում աշխատատեղերի ավելացման ցուցանիշները եռանիշ, քառանիշ աճեր կգրանցեին:
«Չնայած, մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն և համոզված եղեք, որ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի և dislike դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- նշեց վարչապետը: