Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վիրահայոց թեմի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վիրահայոց թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի: Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Տեր Հուսիկ քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ վիրահայերի ուխտագնացության նպատակը Մայր Աթոռի սրբությանն ու զորությանը հաղորդակցվելն է ու Ամենայն Հայոց Կաթողիկոսից հայրական օրհնություն ստանալը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին` ողջունելով Վիրահայոց թեմի հավատավոր հայորդիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առաջնորդելու նախաձեռնությունը: Նորին Սրբությունը կարևորեց հայրենիքից հեռու բնակվող հայորդիների այցելությունները Հայաստան և հաղորդ դառնալը պատմական սրբավայրերին, ժողովրդի ապրելակերպին, հոգսերին ու ձեռքբերումներին, որպեսզի լիցքավորված և զորացած վերադառնալով իրենց օջախները՝ նրանք ավելի նախանձախնդրությամբ լծվեն ազգային և հայրենական կյանքի շինությանը:

Գարեգին Երկրորդ Հայրապետը փաստեց, որ քանիցս հովվապետական այցով եղել է Վրաստանում և ականատեսը դարձել վիրահայերի զորավոր հավատքին, որի շնորհիվ նրանք կարողացել են պահպանել և աշխույժ պահել իրենց ազգային, հոգևոր և մշակութային կյանքը: Հայոց Հովվապետը հորդորեց ուխտավորներին չընկրկել ծառացած դժվարությունների առջև, այլ զորացած նախնիների հավատքով շարունակել արարել և ստեղծագործել ի պայծառություն հայոց կյանքի և Վիրահայոց թեմի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

Վերջում Նորին Վեհափառությունը հայորդիներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խաղաղության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս