Ինչքա՞ն կլինի բռնության խոսքի պատիժը
Բռնության խոսքը կպատժվի տուգանքով, կալանքով, մինչև ազատազրկում։ Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 500-ապատիկ տուգանք, կամ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք, կամ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում։
«Տվյալ դեպքում պատիժ նշանակելու իրավասությունը պատկանում է դատարանին, այսինքն՝ դատարանը հաշվի է առնում այդ անձի անհատական տվյալները, ով լինելը, իրադրությունը, ծանրացնող, մեղմացնող հանգամանքները, և դատարանն այս ամենի համադրմամբ կայացնում է դատավճիռ։ Կարող են բռնության կոչերն այնպիսի անձի կամ անձանց շրջանակների վերաբերել, օրինակ՝ ավելի թույլ պաշտպանված անձի կամ անձանց շրջանակների, բռնության կոչերը կարող են դրսևորվել մի քանի տարբերակով՝ բանավոր, գրավոր, բռնության կոչերը կարող են լինել առավել ցինիկ բռնի գործողությունների ձևով, կատարող անձը կարող է նախկինում նման արարքների համար պատասխանատվության ենթարված լինի, նույնիսկ ունենա դատվածություն չմարված, և այս ամենը կարող է հաշվի առնվել և հանցանքը ծանրացնել։ Նաև հակառակը կարող է լինել»,- ասաց Ա.Խաչատրյանը՝ կանխատեսելով, որ նախագիծը կընդունվի աշնանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը: