 
                        «Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա». Մարության
 
                                    «Վարորդին ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը: Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որը և դրվում է բոլոր վարորդների նկատմամբ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ծխելու պատճառով աշխատանքից ազատված երթուղայինի վարորդի խնդրին:
Ըստ նրա՝ ընդհանրապես ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին խնդիրներ կան.
«Ես օրական 3-4 անգամ կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա»:
Մարության կարծիքով՝ պետությունը պետք է տուգանքներով զսպի օրինազանցներին, սակայն մարդիկ իրենք պետք է փոխվեն:
Քաղաքապետը նշեց, որ այսօր հասարակական տրանսպորտը 90%-ով մասնավոր է, բայց նպատակ կա այն դարձնել համայնքային: Ընդ որում, նրա հավաստմամբ, դրան են սպասում նաև գծատերերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        