Սասուն Միքայելյանը Աբովյանում չի աջակցել ՔՊ թեկնածուին. հարցը կքննարկվի վարչության նիստում. Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ:
«Իմ գործողությունները խիստ իրավաչափ են եղել, ես մարզպետի կարգավիճակում որևէ գործողություններ չեմ ձեռնարկել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռ.Պետրոսյանը՝ նշելով, որ արձակուրդի ռեժիմում գործել է քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբի ներկայացուցիչ:
Նա նշեց, որ մտադիր է դիմել ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով, որպեսզի այն քննի ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի վարքը.
«Ի՞նչ է ասել՝ բակային հանդիպումներին խորովածաքյաբաբային փարթիներ: Դա քաղաքացուն վայե՞լ քարոզարշավ է: Մենք դիսկուրսը տանում ենք կոնկրետ փաստերով»:
Համաձայնելով, որ օրենքով արգելված չեն նման փարթիները, քաղաքացու օրն էլ իրենք էին այդ կերպ նշում, մարզպետը նշեց.
«Մենք ընդունում ենք մեր պարտությունը, բայց քաղաքական նոր մշակույթին հարիր չէ: Քաղաքացու օրը նշելը և քաղաքական գործընթացը համեմատել պետք չէ»:
Ռ.Պետրոսյանը հայտարարեց, որ Սասուն Միքայելյանը չի աջակցել իրենց թեկնածուին և նաև այդ հարցը կքննարկվի վարչության նիստում: