
«Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է». Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանից ներողություն խնդրելու՝ դատարանի որոշման մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել դատարանի որոշումը՝ պարտավորեցնել իրեն ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանից:
«Փաստաբանն ամեն ինչ ասել է, ավել ոչինչ մեկնաբանելու չունեմ: Խնդրում եմ ձեզ՝ այդ հարցով դիմել փաստաբանիս, չնայած կարիք էլ չկա, ինքը երեկ պարզաբանել է»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ դատավարական պրոցեսներով զբաղվում է իր փաստաբանը, և հետագա դատավարական պրոցեսների մասին կտեղեկացնեն. «Ընթանում է իրավական պրոցես, որը շարունակվելու է, հետևաբար՝ չեմ ուզում մեկնաբանել»:
«Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է»,- հավելեց Ա.Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտարարել է, որ դատարանը սուբյեկտիվ է վարվել` պարտավորեցնելով նախարարին ներողություն խնդրել։ «Դատարանը մեզ բավարար լծակներ չի թողել, որ մենք պաշտպանենք մեր դիրքորոշումը հավասարության ու արդարության սկզբունքով։ Ընդ որում` Թորոսյանը բժշկական կենտրոնում չարաշահումների մասին հայտարարություններ անելու հիմքեր ուներ», – ասել է փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, նաև դատարանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով Արդարադատության խորհուրդ դիմելու հարցն է քննարկվում։