«Պատգամավորի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն և չունենա հոգեկան խնդիրներ».«Իմ քայլի» պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մտադիր է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել՝ պատգամավորների թեկնածուների «վեթինգի» մասին:
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Պողոսյանն իր նախաձեռնությունը վեթինգ չանվանեց, սակայն նշեց, որ թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն և չունենա հոգեկան խնդիրներ։
«Դրա համար անհրաժեշտ բոլոր, թեկուզ ցավոտ փոփոխությունները ես պատրաստ եմ ինքս նախաձեռնել ու առաջ տանել՝ անկախ նրանից, թե դա ինչի արձագանք կունենա»,- ասաց Պողոսյանը՝ նկատելով, որ կան այնպիսի պաշտոններ, որոնց համար որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում մարդիկ, օրինակ՝ դատավորներ, դատախազներ, և այլն։
Ք.Պողոսյանը նշեց, որ պատգամավորների մեջ անհավասարակշիռ լինելու խնդիրներ նկատել է, բայց հերքեց, որ իր նախաձեռնությունը կապված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ իր վիճաբանության հետ.
«Գևորգ Գորգիսյանը խնդիրներ ունի՞ առողջության հետ: Չէ, բացարձակապես: Գևորգ Գորգիսյանի հետ մեր խնդիրները ազգային անվտանգության տիրույթում է»: