
Բիբլոսի քաղաքապետը ՀՀ դեսպանին ներկայացրել է համատեղ ծրագրերի անցկացման հնարավորությունները

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 25-ին հանդիպել է Բիբլոսի քաղաքապետ Վիսամ Զարուրին (Wissam Zaarour): Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է Բիբլոսի մշակութային և զբոսաշրջային ներուժը, տարբեր ձևաչափերով համատեղ ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկվել են Բիբլոսում տեղակայված հայկական «Թռչնոց Բույն» որբանոցի և Հայոց Ցեղասպանության թանգարանի վերաբերյալ հարցեր: Հանդիպումից հետո դեսպանն այցելել է վերոնշյալ հայկական հաստատությունները: Դեսպանին ներկայացվել են գործունեության ընդհանուր պատկերը, խնդիրները և ծրագրերը: