«Կարծում եմ՝ Զուրաբիշվիլին արել է հնարավորը՝ Բաքվին դուր գալու համար». Գելա Վասաձե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հայտարարել է, թե Վրաստանի և Ադրբեջանի տարածքների շարունակվող շրջափակումը խոչընդոտում է երկու երկրների զարգացմանը:

«Մեր երկրների տարածքային ամբողջականությունը դեռ վերականգնված չէ: Օկուպացիայի հարցը դեռ մեր ցավոտ վերքն է: Դա մի կողմից՝ խոչընդոտում է մեր զարգացմանը, մյուս կողմից՝ չնայած դրան, այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդել մեր պետությունը, տնտեսությունը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Զուրաբիշվիլին այդ հայտարարությունը հեշտ է արել, և դա կապված է նրա քաղաքական կարգավիճակի հետ, քանի որ խորհրդարանական համակարգում հանրապետության նախագահը զրկված է իրական իշխանությունից։

«Դրանից հեռուն գնացող դատողություններ, եզրակացություններ անել պետք չէ։ Թեկուզ այն փաստը, որ Զուրաբիշվիլին հատուկ հարաբերություններ ունի ֆրանսիացիների հետ, իսկ Ֆրանսիան, թերևս, Եվրոպայում ամենախնդրահարույց երկիրն է Ադրբեջանի համար, պետք չէ աչքաթող անել։ Կարծում եմ՝ Զուրաբիշվիլին արել է հնարավորը՝ Բաքվին դուր գալու համար։ Թե որքանո՞վ է դա նրան հաջողվել, ցույց կտա ժամանակը»,- ասաց Գ.Վասաձեն։

Ըստ նրա՝ վրացական տեսանկյունից առավել հետաքրքիր է, թե արդյո՞ք Սալոմե Զուրաբիշվիլիին կհաջողվի լուծել գլխավոր՝ Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների փոխգործակցության խնդիրը։

Տեսանյութեր

Լրահոս