
ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին

Փետրվարի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետևել են զորամասի բերումը «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված մարտական խնդիրների կատարմանը:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը տեղանքում հետևել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին, լսել զորամասի և ստորաբաժանումների հրամանատարների՝ պաշտպանության կազմակերպման, ուժերի վերախմբավորման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ մտահղացումները:
Անցկացված պարապմունքների ընթացքը ցույց է տվել, որ ընդգրկված անձնակազմը գիտակցաբար է կատարում վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները՝ ձգտելով էլ ավելի կատարելագործել մարտավարամասնագիտական ունակությունները: