«Քոչարյանների ընտանիքը որևէ ինչ-որ տենց բան չի արել անձամբ ինձ». Արթուր Վանեցյան

Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու խնդրով Ազգային անվտանգության ծառայությունը չի զբաղվում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, այդ գործն այս պահին գտնվում է Գլխավոր դատախազության տիրույթում:

Անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի մեղադրանքին, որ իրենց ընտանիքի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, Ա.Վանեցյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի դատարան դիմելու իրավունք ունի, և դատարանը կորոշի` ով է մեղավոր. «Քաղաքական հետապնդման որևէ բան չկա, մեր հաղորդագրությունը տեսել եք, առավել օբյեկտիվ ներկայացրել ենք: Իսկ առհասարակ մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից»:

Իր դեմ ներկայացված քաղհայցի վերաբերյալ ԱԱԾ տնօրենը նշեց, որ դա հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ իր հնչեցրած արտահայտության հետ է կապված, որից անմիջապես հետո ինքն ասել է, որ  իր խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում է տվել. «Այսինքն՝ ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես դա հերքել եմ: Այդ իսկ պատճառով, դատական գործը գնում է, իրավաբանները, փաստաբանները աշխատում են, թող դատարանը որոշի»:

Նա նշեց, որ Քոչարյանի հետ կապված՝ անմեղության կանխավարկած չի խախտվել, ներկայացված են այն հանգամանքները, որ հիմք են տվել քրեական գործ հարուցելու համար և մեղադրանք առաջադրել. «Շատ ծավալուն քրեական գործ է»:

Ա.Վանեցյանը խնդրեց հարցերը չսևեռել Քոչարյանների ընտանիքի դեմ. «Ես Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ: Քոչարյանների ընտանիքը որևէ ինչ-որ տենց բան չեն արել անձամբ ինձ, որ Քոչարյանների ընտանիքի հետ կապված անընդհատ խոսվում է: Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում, իհարկե, շատ նաև դրական գործեր, ներդրում, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, և ես՝ որպես սպա, որպես Ազգային անվտանգության ծառայող, որը նաև ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ: Սա արդյունքն է ծավալուն, օպերատիվ և քննչական աշխատանքի, որի արդյունքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց ամփոփումը բերել է նրան, որ կա հանցակազմ և քրեական գործ: Ես խնդրում եմ՝ մի՛ անձնավորեք այդ հարցը, ես որևէ անձնական վրեժխնդրություն, խնդիր, առհասարակ քաղաքական…»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանի վերաբերյալ էլ լինեն աղմկոտ բացահայտումներ, Ա.Վանեցյանը պատասխանեց, որ իրենց ոչինչ չի կաշկանդում, և, եթե կլինի այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, կհարուցվեն քրեական գործեր:

Անդրադառնալով իրեն գաղտնալսելու գործին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ գործը քննում է Քննչական կոմիտեն, պետք է դիմել նրանց:

Իր և վարչապետի դեմ հնչած սպառնալիքների կապակցությամբ Վանեցյանը նշեց, որ դրանք երբեք չեն չեզոքանա, այլապես ԱԱԾ կազմում չի գործի պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգությունը. «Այդ սպառնալիքները մշտական են, երբեմն ավելի են բարձրանում, երբեմն՝ իջնում, բայց սպառնալիքները միշտ կան»:

Ա.Վանեցյանը նշեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործը վերաբացվել է Հատուկ քննչական ծառայությունում և ակտիվ քննություն է ընթանում, Արմեն Ավետիսյանի գործն ԱԱԾ-ում նախաքննության փուլում է, նրա ընտանիքը դիմել է պետությանը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերելու առաջարկով, իսկ քրգործն իր հունով քննվում է:

Տեսանյութեր

Լրահոս