Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանի համատեղ համերգով մեկնարկեց հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը:
Երեկոն անցկացվեց փետրվարի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
«Հոբելյանական փառատոնի ընթացքում կհնչեն բոլոր այն կոմպոզիտորների գործերը, որոնց անդրադարձել ենք տասը տարվա ընթացքում»,-նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Անդրադառնալով Ավետ Տերտերյանի հոբելյանին, որին այս տարի նվիրված է փառատոնը՝ Սմբատյանն ասաց, որ Տերտերյանը մեր ժամանակների ամենասիրված ստեղծագործողներից է, որի շնորհիվ սիմֆոնիկ արվեստը յուրահատուկ է դառնում:
«Երբ արտերկրում կատարում ենք Տերտերյանի գործերը, դրանք շատ լավ են ընդունվում: Նրա երաժշտությունը մեզ թույլ է տալիս մտածել, որ մենք ունենք այնպիսի սիմֆոնիկ երաժշտություն, որն աշխարհը չունի: Նվագախմբի առաքելությունն այդ արվեստը ներկայացնելն ու տարածելն է»,-ընդգծեց դիրիժորը:
Համերգին հնչեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Պետրոս Շուժունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նպատակ ունի արժևորել մեր կոմպոզիտորների երաժշտական ժառանգությունը՝ ներկայացնելով նրանց ստեղծագործությունները հանրության լայն շերտերին։ Փառատոնի շրջանակում թվայնացվում, ձայնագրվում են նաև այդ գործերը՝ նպաստելով հայկական երաժշտական ժառանգության պահպանմանը։
Փետրվարի 20-ից մինչև մարտի 13-ը կայանալիք համերգների ընթացքում կներկայացվեն ոչ միայն Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները (թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները), այլև հայ կոմպոզիտորական դպրոցի այլ ներկայացուցիչների՝ Արմեն Տիգրանյանի, Տիգրան Չուխաջյանի, Հարո Ստեփանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը։ Որպես մենակատարներ հանդես կգան Նարե Արղամանյանը, Լիլիթ Արտեմյանը, Դենիս Շապովալովը։
Երեկոյին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։