Բաժիններ՝

Հայաստանի համար մարդու իրավունքների խախտման դեմ պայքարն առանցքային է. կայացավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին իրենց ծավալած գործունեության համար:

Փետրվարի 20-ին կայացած միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով Կառավարության անունից ողջունեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության կազմակերպիչներին:

«Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր ժամանակաշրջանում: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոփոխություններ են իրականացվել, որոնք կայանում են նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու, և մեր կառավարությունը ցույց է տվել այս նպատակին իր նվիրվածությունը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տվող անձանց և շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ այն մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորն է, ովքեր պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ: Սա մեզ համար անկյունաքարային և առանցքային նշանակություն ունեցող հարց է»,- ասաց Փաշինյանը:

2018 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակները տրամադրվում են ինը անվանակարգում, որոնցից յուրաքանչյուրը մեծարում է նշված ոլորտներում զգալի ներդրում ունեցած անձանց և կազմակերպություններին:

Մրցանակաբաշխության անվանակարգերն են՝ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարադատության հասանելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիա գերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Խիզախ կին» և « Երիտասարդ առաջնորդ»:

«Համայնքային զարգացում» անվանակարգում հաղթած, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Սոցիալական պաշտպանություն և խնամք կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ասաց, որ մրցանակը ստանալը և անակնկալ էր և, իհարկե, պարտավորեցնող՝ առաջ շարժվելու, կերտելու, արարելու համար:

«Մենք ներկայացնում ենք Գյումրիում առաջին «Ներառական փուռ և սրճարան» ծրագիրը, որը հնարավորություն տվեց ստեղծել ներառական միջավայր բոլորի համար: Մենք ստեղծել ենք մի վայր, որտեղ աշխատում են և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ չունեցող երիտասարդներ»,- նշեց Տիգրանուհի Հակոբյանը:

«Կառավարության բարեփոխիչ» անվանակարգում մրցանակ ստացավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի և ողջամիտ բարեփոխումների իրականացման ու առողջապահական ծառայությունները Հայաստանի բոլոր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր պայքարը մղի մարդու իրավունքների խախտումների դեմ։ Նման համոզմունք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Մենք այստեղ չենք դասեր տալու համար, այլ կիսելու համար մեր փորձը, քանի որ մեր երկրներում իրավունքների հավասարության համար պայքարը ամենուր է տարվում: Պետք է ամեն օր մարդու իրավունքների համար պայքար մղել և ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը»,- ասաց Լաքոտը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն. Գ. Դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ 2018 թվականին ժողովրդավար աշխարհը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խաղաղ փոփոխությունը:

«Վստահ ենք, որ ազատության, հավասարության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հիմնարար արժեքների վրա հիմնված այս ուղղությունն անշրջելի կլինի: Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին՝ ժամանակակից, բաց և դիմակայուն հասարակություն կառուցելու կարևոր այս ճանապարհին»,- ասաց Սվիտալսկին:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր հերթին ուրախությամբ տեղեկացրեց, որ իրենք որպես 2018 թվականի ֆրանս-գերմանական մրցանակի դափնեկիր ընտրել են «Հայկական ճամբար» ՀԿ-ն:

«Մեր նպատակներից մեկն այն է, որ մենք առանձնացնենք այն կառույցներին, որոնք Երևանում չեն գտնվում: Շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքից դուրս գտնվող ծրագրերը: «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական և վերապատրաստման աշխատանքներին»,- հավելեց նա:

«Ազատության պաշտպան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Մարիա Կարապետյանին՝ ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար:

«Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար:

«Ներառականության խթանում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուսօ Հաջի Նադոյանին՝ եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու եւ կանանց ու աղջիկների ուսման կարեւորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար:

«Մեդիա գերազանցություն» մրցանակը շնորհվեց Թաթուլ Հակոբյանին՝ ողջամիտ եւ անկախ լրագրողական նյութերի պատրաստման եւ խոսքի ու կամարտահայտման ազատությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար:

«Համագործակցության ջատագով» մրցանակը շնորհվեց «Չայ Խանա» մեդիա հարթակին՝ մարդու իրավունքների, բազմակարծության, հակախտրականության եւ հավասար հնարավորությունների առաջմղման նպատակով միջսահմանային հարթությունում շահերի պաշտպանության, կապերի հաստատման համար:

«Խիզախ կին» անվանակարգում սահմանված մրցանակը ստացավ Վարդինե Գրիգորյանը՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն եւ հավասար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարած տեւական եւ համարձակ գործունեության համար:

«Երիտասարդ առաջնորդ» մրցանակը շնորհվեց Դավիթ Պետրոսյանին՝ Հայաստանում երիտասարդների իրավունքները բարձրաձայնելու նպատակով ծավալած գործունեության համար:

Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դարձավ «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը, որը վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական եւ վերապատրաստման աշխատանքներին:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն առաջին անգամ Հայաստանում միջազգային համայնքի կողմից իրականացվել է 2012 թվականին: Մրցանակաբաշխության միջոցով ամեն տարի նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առաջատար ներկայացուցիչների ու պետական գործիչների ունեցած նշանակալի ներդրումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս