«Լիոն»-«Բարսելոնա». «Լիոնը» կփորձի հիասթափեցնել «Բարսային»
Այսօր «Լիոնը» կփորձի հիասթափեցնել Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկին: Ֆրանսիական «արիստոկրատները» կհանդիպեն «Բարսելոնայի» հետ:
Այս թիմերը պաշտոնական խաղերում առաջին անգամ հանդիպել են 2001 թվականին: Դրանից հետո թիմերը խաղացել են 6 անգամ, որտեղ ֆրանսիական ակումբը չի տոնել ոչ մի հաղթանակ՝ 2 ոչ ոքի և կատալոնական ակումբի 4 հաղթանակ: Այս անգամ հաղթանակի հասնելը ևս շատ բարդ կլինի:
Միակ խնդիրը, որ կատալոնական ակումբը կարող է ունենալ «Լիոնի» հետ խաղերում այն է, որ «Լիոնը» բարդ մրցակից է բոլոր այն թիմերի համար, ովքեր շատ են վերահսկում գնդակը: Ֆրանսիացիները պրեսինգի են դիմում միշտ, այլ ոչ այն ժամանակ, երբ իրենց պետք է:
«Մանչեսթեր Սիթիի» խմբում 4 միավոր վաստակելը բավականին լավ արդյունք է ֆրանսիական թիմի համար, որը, ամեն դեպքում, կփորձի խնդիրներ ստեղծել Էրնեստո Վալվերդեի սաների համար:
«Լիոն»
Չնայած այն բանին, որ «Լիոնը» չի պարտվել Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ոչ մի խաղում, չի կարելի ասել, որ ֆրանսիական թիմը 100 տոկոսանոց արդյունք է ցուցադրում: Անշուշտ, «արիստոկրատների» հաջողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերում էին: «Լիոնը» Անգլիայի չեմպիոնին 2:1 հաշվով հաղթեց «Էթիհադում», իսկ տանը խաղացին ոչ-ոքի՝ 2: 2 հաշվով:
Սակայն, մյուս հանդիպումների ժամանակ ֆրանսիացիները ավելի քիչ հաջողեցին: «Շախտյորի» հետ «Լիոնը» ավարտեց հանդիպումները 2:2 և 1:1 հաշիվներով, իսկ «Հոֆենհայմի» հետ` 3:3 և 2:2:
Ստացվում է, որ ֆրանսիական ակումբը ոչ-ոքի է խաղացել խմբային փուլի խաղերից 5-ում:
«Լիոնի» առաջիկա հանդիպման համար հիանալի վիճակում է: Բրունո Ժենեզիոյի թիմը հաղթել է յոթ նախորդ պաշտոնական հանդիպումների վեցում:
Պարտվեց «Լիոնը» միայն «Նիցին» (0:1): Սակայն տանը նրանք կարողացան հաղթել նույնիսկ ՊՍԺ-ին (2:1): Նման արդյունքները հանգեցրել են այն բանին, որ «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ «Լիոնը» Լիգա 1-ում երրորդ տեղն է գրավել:
Սակայն «Բարսելոնայի» հետ խաղից առաջ «Լիոնը» ունի շատ կարևոր կորուստ: Կատալոնացիների հետ չի խաղալու ֆրանսիացիների հիմնական աստղը և թիմի ավագը` Նաբիլ Ֆեկիրը: Հարձակվողը որակազրկված է: Բացի այդ, այս հանդիպման համար պաշտպան Ռաֆայելի մասնակցությունը հարցականի տակ է:
«Բարսելոնա»
«Բարսելոնան», ընդհակառակը, լավ լուրեր ունի Չեմպիոնների լիգայից առաջ: Արդեն վերականգնվել են Ուսման Դեմբելեն և Լիոնել Մեսսին, իսկ Սամուել Ումտիտին մասամբ սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: Դեմբելեն և Մեսսին արդեն խաղացել են թիմի հետ, իսկ Ումտիտին դեռևս միայն մարզվել է: Ճիշտ է, Յասպեր Սիլեսենն ու Ռաֆինյա Ալկանտարան դեռևս վնասվածքներ ունեն, նրանց միացել է նաև Արթուր Մելոն, որը վերջերս առանցքային ֆուտբոլիստ էր դարձել Վալվերդեի համար:
Վերջին հանդիպումների ժամանակ կատալանացիների արդյունքները պակաս հաջող են, քան «Լիոնինը»: Կատալոնական ակումբը վերջին վեց խաղերից միայն երկուսում է հաղթել: Դրանցից մեկում Էրնեստո Վալվերդեի թիմը ջախջախեց «Սևիլիային» (6:1): Վերջին երեք հանդիպումներում «կապտանռնագույնները» երեք անգամ ոչ-ոքի են խաղացել: Կատալոնացիները չկարողացան հաղթել «Վալենսիային» (2:2), «Ռեալին» (1:1) և «Ատլետիկին» (0:0):
Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» վերջին չորս խաղերում ընդամենը մեկ հաղթանակ է տարել «Ժիրոնայի» հետ խաղում (2:0): Բացի «Սևիլիայի» պարտությունից և «Ատլետիկի» հետ ոչ-ոքիից, Վալվերդեի թիմը պարտվեց նաև «Լեգենեսի» (1:2) հետ հանդիպման ժամանակ:
Սակայն, ակնհայտ է, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգային ավելի լուրջ է վերաբերվում: «Կապտանռնագույնները» ընթացիկ մրցաշարում միավորներ են կորցրել միայն «Ինտերի» (1:1) և «Տոտենհեմի» հետ (1:1) խաղերում: Մյուս բոլոր խաղերում «Բարսան» հաղթել է:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Լիոնը» հաղթել է յոթ նախորդ պաշտոնական հանդիպումներից վեցում
• «Բարսելոնան» չի հաղթում երեք խաղ անընդմեջ
• Կատալոնական ակումբի անպարտելիության շարքը Չեմպիոնների լիգայում կազմում է վեց հանդիպում
• Կատալոնացիները Չեմպիոնների լիգայի արտագնա 7 խաղերում հաղթել է ընդամենը 2 անգամ
• Վերջին անգամ «Բարսելոնան» և «Լիոնը» հանդիպել են 10 տարի առաջ` Չեմպոնների լիգայի 1/8 եզրափակչում: Ֆրանսիայում թիմերը ոչ-ոքի խաղացին (1:1), իսկ «Կամպ Նոուում» «Բարսելոնան» հաղթեց (5:2):
Միանշանակ այս խաղի ֆավորիտը կատալոնական ակումբն է, բայց այս խաղում ամեն ինչ միանշանակ չէ: Մի կողմից, սա կատալոնացիների համար շատ կարևոր մրցաշար է, և Վալվերդեի թիմը կցանկանար լուծել բոլոր հարցերը առաջին խաղում: Մյուս կողմից, ֆրանսիացիները այս մրցաշրջանում արդեն ապացուցել են, որ անվանի մրցակիցներից չեն վախենում: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերում չորս միավոր վաստակելը և ՊՍԺ-ի նկատմամբ վերջին հաղթանակը այդ ամենի վկայությունն է:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ կեսգիշերին:
Սիրարփի Աղաբաբյան