
«Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն». Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:
«Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,- նշել է նախագահը:
Նա ներկայացրել է հայկական գիտական մտքի ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով Բյուրականի աստղադիտարանի, Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին:
«Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրեւ երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Նա շրջայց է կատարել Եվրոպական հարավային աստղադիտարանի տարածքում, ծանոթացել աշխարհում ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքներին:
1962 թվականին ստեղծված Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ է 16 պետություն՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Միացյալ Թագավորությունը:
Կազմակերպությունը, որի աստղադիտարանները գտնվում են Չիլիում, առաջատար դերակատարում ունի աստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնման ու կազմակերպման մեջ: