ՏԻՄ ընտրություններում «Իմ քայլը» թեկնածուներ չէր առաջադրել. Լենա Նազարյան
Երեկ ՀՀ 24 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և «Իմ քայլը» թեկնածուներ չէր առաջադրել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենց ուժի 7 անդամներ ինքնառաջադրվել էին, և ոմանք պարտվել են, ոմանք՝ հաղթել: Ըստ նրա՝ քաղաքացիները որևէ մեկի հորդորով չեն գնացել ընտրության, այլ իրենց կամքով:
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց, որ անակնկալի էլեմենտներ կան, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել, որը ժողովրդավարության կարևոր ցուցիչ է:
«Եթե մենք ցանկանայինք, բոլոր 24 համայնքներում կարող էինք ներկայացուցիչներ առաջադրել, և, հավանաբար, նրանք կհաղթեին, բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել, մենք ուզում ենք հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատ թողնել, անկախ նրանից՝ կուսակցության անդա՞մ են, թե՞ ոչ, իրենք առաջադրվեն, և համայնքը որոշի, թե ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար»,- հավելեց Լ.Նազարյանը: