
ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության մեծ հնարավորություններ և Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության ու մատակարարման հարցում։
Հայաստանի նախագահը Կատարի էմիրին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։
Իր հերթին Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Հայաստանի նախագահին հրավիրել է այցելել Կատար։