Բաժիններ՝

Միջադեպ Երևանի հիվանդանոցներից մեկում

Նախօրեին միջադեպ է գրանցվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Միջադեպի մասնակից կողմերից մեկը եղել է վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը, ով, ի դեպ, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայրն է: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդի և պրոֆեսոր Միրիջանյանի միջև ծավալված էմոցիոնալ խոսակցությունը վերածվել է ձեռնամարտի, միջանցքում տարածված աղմուկից անմիջապես հավաքվել են բաժանմունքի մյուս բժիշկները և միջամտել են քաշքշուկին:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ միջադեպը լուրջ արձագանք է գտել պրոֆեսորի կոլեգաների ու բուհական դասախոսների շրջանում, դեպքի մասին տեղեկացրել են նաև Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին: Ընդհուպ համալսարանական էթիկայի հանձնաժողովը երեկ նիստ է հրավիրել, բ.գ.դ պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի վարքագիծը՝ որպես համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչի, քննարկման նյութ է դարձել հանձնաժողովի անդամների շրջանում:

168.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը չհերքեց միջադեպի մասին մեր տեղեկատվությունը:

«Քաղաքացին կոպիտ ձևով մտել է բժշկի սենյակ, պահանջել, որ առաջինն իրենց հիվանդը պիտի վիրահատական միջամտության ենթարկվի, բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Միրիջանյանը հանգիստ տոնով բացատրել է նրան, որ գոյություն ունի որոշակի ընթացակարգ, և հետևապես՝ իրենք պիտի որոշեն վիրահատությունների առաջնահերթությունը: Նրանք էլ՝ բա չէ, պնդում ենք, առաջինը հենց մեր հիվանդին պիտի վիրահատեք, բացատրել է բժիշկը հերթական անգամ, որ գոյություն ունի ընթացակարգ, բուժանձնակազմն է վիրահատությունների հաջորդականությունը որոշում… ու էդպես»,- պարզաբանեց Շուշան Դանիելյանը: Հարցապնդմանը՝ այդուհանդերձ եղե՞լ է միջադեպ, թե՞ ոչ, նա անուղղակիորեն հաստատեց լուրը՝ ասելով, որ ամեն դեպքում հիվանդը բարեհաջող վիրահատվել է, հիմա նա լավ ինքնազգացողություն ունի, իսկ հիվանդի հարազատները հետո մոտեցել, ներողություն են խնդրել պրոֆեսոր Միրիջանյանից իրենց վարքագծի համար:

«Էթիկայի հանձնաժողով միջադեպի առնչությամբ որևէ մեկը չի դիմել, ինչպես որ կարգն է պահանջում, և հետևապես՝ նիստ չի հրավիրվել»,- եզրափակեց Շուշան Դանիելյանը:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս