Քանի՞ պետծառայող կկրճատվի. Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը դեռ քննարկման փուլում է

Դեռ պարզ չէ, թե կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը գործադիրը երբ կուղարկի Ազգային ժողով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ի պատասխան 168.am-ի հարցի՝ նախագիծը ե՞րբ կուղարկվի ԱԺ, դժվարացավ որևէ ժամկետ նշել։

«Քննարկման փուլում է դեռ, ֆունկցիոնալ անալիզի են ենթարկվում այն նախարարությունները, որոնք պետք է վերաձևավորվեն և մտնեն 1 նախարարության կազմ, և այդ անալիզի արդյունքում պարզ կլինի»,- ասաց նա։

Ըստ Աղաջանյանի՝ կառավարության աշխատանքների օպտիմալացումն առաջին հերթին գործընթացների արագացման ու արդյունավետության բարձրացման նպատակ ունի, որի հետևանքով աշխատակիցների որոշակի կրճատումներ կլինեն: Ուսումնասիրությունն իրականացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

«Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ կրճատվելիք աշխատակիցների թիվը դեռ հայտնի չէ, բայց նրանց հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները, կփորձեն վերաորակավորել և լուծել գործազրկության հարցը. «Սա 1 օրվա լուծվելու հարց չէ, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նկատեց, որ մասնավոր հատվածի համեմատ՝ պետական ծառայությունում աշխատավարձը տասնապատիկ ցածր է, և որակյակ կադրեր ներգրավելու համար նախատեսվում է բարձրացնել պետծառայողների աշխատավարձերը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս