Դրախտիկի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Լաբորատորիայի բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը եւ Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերի համակարգող Վարազդատ Սարգսյանը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը, Դրախտիկի միջնակարգ դպրոցի մանկավարժները, աշակերտները եւ ծնողները:
Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ինժեներական լաբորատորիայի գործունեության համար հատկացվել է 1 դասասենյակ, որը նորոգվել ու կահավորվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Դրախտիկի դպրոցականների ծնողների միջոցներով ու ջանքերով:«Ինժեներական լաբորատորիան գործելու է երկու խմբով՝ 5-12-րդ դասարանների 50 աշակերտներով: Խմբակավարը Դրախտիկի բնակիչ Ժենյա Կիրակոսյանն է, ով վերապատրաստվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Դասընթացները կազմակերպվում են ուրբաթ եւ շաբաթ օրերին, երկժամյա տեւողությամբ: Մենք ունենք բնական գիտելիքներով օժտված շատ շնորհալի երեխաներ, որոնք իրենց ունակությունները կդրսեւորեն ու կզարգացնեն նորաբաց ինժեներական լաբորատորիայի շնորհիվ: Համոզված եմ, որ այդ արդյունքները տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում: Անչափ մեծ է մեր աշակերտների ոգեւորությունը, սովորելու, ստեղծագործելու ձգտումը»,-ներկայացրեց դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը:
Խոսրով Խլղաթյան