
ՀՀ ԱԺ պատգամավորները կարեւորում են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործում առաջընթացը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը փետրվարի 13-ին հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը նշել է, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգին: Նա ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով, որ իրենք պատրաստ են աջակցելու դրանց իրականացմանը:
Կողմերը քննարկել են մեր երկրում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակառուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Համաձայնագրի շրջանակում պատգամավորներն առանձնահատուկ կարեւորել են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթացը: Փաստաթղթի բարենպաստ կիրարկման հարցում ընդգծվել է փորձագիտական խորհրդատվության եւ ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արեւելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին եւ մի շարք այլ հարցերի: