«Ես չեմ տեսնում այսօր որևէ վտանգ, որ գալիս է այս հզորների հայտարարություններից». Հովհաննես Իգիթյանը՝ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը չի կարող ազդել երկկողմ հարաբերությունների վրա:
«Այնտեղ կա 3 մեսիջ, առաջինը՝ Սիրիայում առկա է քրիստոնյա փոքրամասնություն, որը խնդիր ունի, և մենք դա տեսնում ենք: Երկրորդ՝ ԱՄՆ-ն այս կամ այն ձևով այս առաքելությունը դիտարկում է ՄԱԿ-ի մարդասիրական բանաձևի ներքո և հասկանում է, որ Հայաստանն այնտեղ մարդասիրական առաքելություն է ուղարկում, որովհետև այնտեղ կա անպաշտպան քրիստոնյա փոքրամասնություն, ընդ որում՝ այն գնալով ավելի անպաշտպան է դառնալու, որովհետև ԱՄՆ-ն, ի վերջո, փորձում է գոնե հայտարարել նրա մասին, որ զորքն այնտեղից դուրս է գալիս: Ստացվում է, որ այլ խաղացողներն իրենց զորքը ոչ միայն չեն հանում, այլև հակառակը՝ ավելացնում են:
Օրինակ՝ Թուրքիան պարզ չէ, թե ում հետ է համագործակցում այնտեղ: Մի կողմից՝ անընդհատ շեշտում են, որ դա ԱՄՆ ընդհանուր օպերացիայի ներքո է, մյուս կողմից՝ ՌԴ օպերացիայի ժամանակ շոշափվել է այդ հարցը և պարզ չէ, թե ինչ են անում այնտեղ այլ զորքերը: Եվ այս իրավիճակում այնտեղ մեր 83 հոգին՝ բժիշկներ և ականզերծողներ, ունեն կոնկրետ նպատակ: Եվ ԱՄՆ-ի այդպիսի հայտարարությունն ինձ առավել ևս համոզում է, որ այդ խումբն այնտեղ անելիք ունի՝ հաշվի առնելով նաև երեկ հնչած հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների գնահատականը, եթե ոչ ուրախությունը, ապա հանգստությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ.Իգիթյանը:
Նա չհամաձայնեց մեր դիտարկմանը, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Նա նշեց, որ նկատել է մի մտավախություն՝ ԱՄՆ-ին մտահոգում է Ռուսաստանի հետ համագործակցության հարցը, սակայն դրա համար հիմք չկա.
«Նախ՝ որևէ տեղ առայժմ չի հնչել, որ դա համագործակցության հարց է, բացի լոգիստիկայից, ինչքան ես գիտեմ: Երբ Ռուսաստանը և Հայաստանը հայտարարեն հայ-ռուսական համագործակցության աստիճանի մասին, ես այդ հարցին կպատասխանեմ, բայց այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ այդ խումբն ինքնուրույն է գործում և գործում է հայկական դրոշի ներքո»:
Անդրադառնալով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հայտնած շնորհակալությանը՝ Հ.Իգիթյանը նշեց, որ նույն հաջողությամբ կարող էր շնորհակալություն հայտնել նաև այլ երկիր, և շնորհակալությունը չի նշանակում համագործակցության նշան:
Ըստ նրա՝ արևմտյան գործընկերների կողմից կա ընկալում, որ առաքելությունը մարդասիրական է, իսկ Սիրիայի հայ համայնքի կողմից կա դրական արձագանք այս առաքելության հետ կապված:
Հ.Իգիթյանն ընդգծեց, որ խումբն արդեն ուղարկվել է և կա այդ մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելու խնդիրը. «Ես հիմա սա ավելի շատ եմ կարևորում, և եթե որևէ մեկն ասում է, որ նրանք այնտեղ անօրինական են գտնվում, ես գտնում եմ, որ այդ մարդն ուզում է, որ առաքելության անդամներն այնտեղ խնդիրներ ունենան, որովհետև այս ռազմական ծանր իրավիճակում ունենալ նույնիսկ մարդասիրական առաքելություն անօրինական, որևէ ձևով պաշտպանված չէ: Ես ուզում եմ, որ ՄԱԿ-ի պաշտպանվածությունը լինի, որովհետև ՄԱԿ-ն ունի բանաձև մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:
Ես ուզում եմ, որ ԱՄՆ-ն ինչքան կարող է, չնայած այդ տարածաշրջանում ազդեցություն չունի, անվտանգություն ապահովի, որովհետև ինքն էլ է նշում, որ այնտեղ կա քրիստոնեական փոքրամասնություն և հասկանում է, որ խնդիր կա: Ես ուզում եմ, որ Ռուսաստանն այնտեղ ապահովի մեր քաղաքացիների անվտանգությունն ինչքան կարողանում է, և Ռուսաստանի դրական արձագանքը ես ընկալում եմ այս երաշխիքների տեսանկյունից: Ես չեմ տեսնում այսօր որևէ վտանգ, որ գալիս է այս հզորների հայտարարություններից»: