«Ձեզ ավելի շատ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական համակարգն է դուրս գալիս». Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա: Որովհետև ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում ու տարբեր կարծիքներ լսելու, ու գաղափարներն անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ: Իհարկե, այնպես չի, որ նախագահը այդ առիթները չունի:
Բայց, օրինակ՝ պատգամավորները նախագահին հարց տալու հնարավորություն չունեն: Այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, թե իրեն ավելի շատ նախագահական, թե խորհրդարանական համակարգն է դուրս գալիս:
Ն.Փաշինյանը նշեց, որ առավել գերադասելի է խորհրդարանական կառավարման մոդելը, քանի որ խորհրդարանն այժմ շատ կարևոր վերահսկողական գործառույթ է իրականացնում.
«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերին ու շատ կոշտ, տհաճ հարցերի պատասխանեն, որ կառավարությունը իրեն մշտական զգա վերահսկողության ներքո»: